2.14.2015

Հերոլդ— Միջնադարից մինչև մեր օրեր

Բավարիայի հերոլդ Յորգ Ռուգենը
  Բավարիայի դքսության 
զինանշանը կրող 
զգեստով. 1510 թ.
Հերալդիկայի առաջացման և զարգացման հետ առաջ եկավ այն համակարգելու անհրաժեշտություն, ու հետևաբար այդ պահանջը պիտի առաջ բերեր այդ ոլորտը կարգավորող պաշտոնյայի պահանջ, որը դարձավ հերոլդը:
Հերոլդ անվանումն առաջացել է լատիներեն heraldus բառից, որ թարգմանվում է հայտարարող, մունետիկ, պատգամաբեր:
Սկզբնական շրջանում հերոլդների հիմնական գործառույթը կայանում էր ասպետական մրցարշավեր կազմակերպելու, դատելու,  որպես դեսպան կամ բանագնաց այլ պետություններում իր թագավորին ներկայացնելու մեջ: Հերոլդները նաև սկսեցին կարգավորել գերբերի մասին գիտությունը, որը և հետագայում առաջ բերեց հերալդիկան:
Ըստ աստիճանակարգի հերալդիկայի հետ կապված գործառույթները իրականացվում են հերոլդի  օգնականի (poursuivants d'armes),  հերոլդի և հերոլդմեյստերի (հերոլդ-վարպետ)  միջոցով:
Հերալդիկայի ֆրանսերեն «blason»  անվանումը ծագում է գերմաներեն «blasen»` փող հնչեցնել բառից: Հետագայում դրանից է առաջացել նաև ֆր. «blasonner», կամ անգլերեն  «blazon» բառը, որ նշանակում է զինանշանը ներկայացնել հերալդիկ լեզվով, բլազոնացնել: Հերալդիկ լեզուն հերոլդների կողմից ստեղծված հատուկ լեզվային համակարգ է, որով նկարագրվում  են զինանշանները: Դա հինֆրանսերենը և միջին լատիներենն են:
Քանի որ  ասպետությունը,  դրա հետ կապված բազմաթիվ երևույթներ, ու հենց հերալդիկան առաջացել են  Ֆրանսիայում, այդ պատճառով լեզվական ավանդույթը մինչև հիմա պահպանվում է հերոլդների կողմից:
   Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II-ի ժամանակներից սկսած հերոլդներին թույլատրվում է կրել ասպետական հանդերձ և ազնվականի զինանշանով զգեստ, որի մոտ ծառայում է հերոլդը: Դա հենց նշանն էր այն բանի, որ հերոլդը ներկայացնում է իր իշխանին կամ տիրոջը:
XIV-XV դդ.-ից սկսած հերոլդները դառնում են կարևոր պալատական պաշտոնյաներ:
Բրետանիի դուքսի հերոլդը դուքսին է ցույց
տալիս ասպետական մրցարշավի
մասնակիցների զինանշանները
Հիշատակություն կա այն մասին, որ 1415 թվականին Ազենկուրի ճակատամարտում Անգլիայի և Ֆրանսիայի հերոլդները միասին հետևում էին ճակատամարտին, և մարտի ավարտին արդեն նրանք համաձայնության եկան, որ հաղթանակը Անգլիացիներինն է: 
   Հերոլդի` իր պաշտոնին անցնելու արարողությունը կատարվում էր հատուկ կարգով թագավորի կամ ավատատիրոջ կողմից: Նրանց գլխին լցվում էր գինի կամ ջուր: Հերոլդին տրվում էր նոր անուն, որը կարող էր լինել ինչպես իր տիրոջ անունը, այնպես էլ որևէ բերդի կամ շրջանի անվանում: 
 Նոր ասպետական միաբանություն ստեղծելիս թագավորները կամ իշխանները նշանակում էին այդ միաբանության հերոլդին, որին տրվում է միաբանության անունը. օրինակ Ոսկե Գեղմի միաբանության հերոլդին տրվում էր Toison d'Or անվանումը:

Հայոց իրականության մեջ որոշ չափով հերոլդի դեր են կատարել մունետիկը Մեծ Հայքում և պատգամաբերը Կիլիկյան Հայաստանում: Մունետիկ բառը հայերենում լիովին արտահայտում է օտար լեզուներում հերոլդ բառի ուղիղ թարգմանությունը, որն է «մի բան բարձրաձայն հայտարարող», որ արաբերեն munadi` կանչել, բացականչել բառից է առաջացել:
   Դարերի ընթացքում հերոլդի պաշտոնը կորցրեց իր հիմնական գործառույթների մեծ մասը, ու այժմ հերոլդի գործը սահմանափակվում է զինանշաններ պատրաստելով և տոհմաբանություն կազմելով: XVIII դարից Եվրոպական որոշ միապետություններում հերոլդներ նշանակվում էին միայն պաշտոնական արարողությունների` թագադրման, հարսանիքի, թաղման ժամանակ:


Комментариев нет:

Отправить комментарий