8.19.2015

Հերալդիկ լեզուն և հայերենը | Խնդիրները

Այսպիսի մի ժամանակաշրջանում, երբ հայոց մեջ մեծացել է հերալդիկայի հանդեպ հետաքրքրությունը, ու աստիճանաբար զինանշանները, թեկուզ  դեռևս նեղ շրջանակներում, սկսվում են տարածում գտնել, առավել քան արդիական է հերալդիկ լեզվի և հայերենի համադրման խնդիրը:
Վիլհելմ Նվաճող
Նորմանդիայի դուքս և Անգլիայի թագավոր

Հերալդիկ լեզու ասելով պետք չէ հասկանալ որևէ կոնկրետ լեզու, ինչպիսին մենք պատկերացնում ենք ֆրանսերեն, հայերեն կամ ռուսերեն ասելով. հերալդիկ լեզուն դա տերմինների ու լեզվական ոճի համախումբ է, որով նկարագրվում, այլ կերպ ասած` բլազոնացվում են (ֆր` Blason ` գերբ բառից[1] ) զինաշանները:
Բլազոնացման էությունը նախ և առաջ զինանշանի մասին ամբողջական, բայց միևնույն ժամանակ առավելագույն չափով հակիրճ տեղեկություն տալն է, սակայն պայմանով, որ նկարագրության ամբողջականությունը չպիտի տուժի հակիրճության հաշվին:
  Հերալդիկ լեզուն ձևավորվել է արևմտյան Եվրոպայում` անգլո-ֆրանսիական շրջանակներում, և ապա հետզհետե տարածվել նաև այլ մշակույթներում` ամեն տեղում իր մեջ ընդունելով տվյալ մշակույթի ու լեզվի առանձնահատկությունները ու հարմարվելով դրանց:
Սկսած XI դարից` Վիլհելմ Նվաճողի ժամանակներից, երբ այս նորմանդացի դուքսը գրավեց Անգլիան, անգլիական ազնվականության հիմնական լեզուն այդ և հետագա մի քանի դարերի ընթացքում  դարձավ ֆրանսերենը: Հենց այս լեզվով են մեզ հասել  ֆրանսիական և անգլիական առաջին նիշամատյանները ( ֆր.` armorial, անգլ.` rolls of arms կամ armorial):