2.04.2015

Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի նշանակը

Հովսեփ արք. Արղության
                               «Արթուն հովիւ ազանց Հայկայ...»

Դարերի ընթացքում հերալդիկ արվեստը տարածվել է ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր շրջանակներում: Բարձրաստիճան հոգևորականները նույնպես սկսեցին ունենալ իրենց անձնական նշանակները: Նշանակի մեջ կարող էին տեղ գտնել ինչպես հոգևորականի տոհմական  (եթե ազնվական էր), այնպես էլ այն վայրի սիմվոլիկան, որի առաջնորդությունը ստանձնել էր:
 Հայ իրականության մեջ եկեղեցական հերալդիկայի նմուշները սակավաթիվ են, ու դրանցից մեկն է ռուսահայոց առաջնորդ, արքեպիսկոպոս Հովսեփ Արղության-Երկայնաբազուկի զինանշանը:

Համառոտ տեղեկություն


Հովսեփ Արղությանը ծնվել է 1743 թ. մայիսի 23-ին Սանահին գյուղում: Սովորելով Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում և ապա արագ առաջանալով հոգևոր ասպարեզում, 1769 թ. ձեռնադրվում է եպիսկոպոս: 1773 թ. Հովսեփ արքեպիսկոպոսը նշանակվում է ռուսահայոց թեմի առաջնորդ, իսկ 1780 թ. ` նաև ղրիմահայոց հոգևոր առաջնորդ:

   18-րդ դարում հայ ազատագրական միքտը արթնացավ ու դրանից հեռու չէր կարող մնալ նաև ռուսահայոց առաջնորդը, քանի որ հենց Ռուսաստանի հովանու ներքո էին գործիչների մի մասը տեսնում Հայոց ապագա թագավորությունը: Հովսեփ արք.-ը ոչ միայն աջակցում էր հայ ազատագրական ծրագրերին, այլ նաև մասնակից էր դրանք կյանքի կոչելու գործին:
   1799 թ. մահանում է Ամենայն հայոց կաթողիկոս Ղուկասը, և Սինոդը կաթողիկոս է ընտրում Հովսեփ արքեպիսկոպոսին: Կայսր Պավել Ա-ն  նրան ճանաչում է որպես Հայոց կաթողիկոս:
Նորընտիր կաթողիկոսը Ռուսաստանից ճամփա է ընկնում դեպի Էջմիածին` օծվելու և կաթողիկոսական գահը զբաղեցնելու համար: Բայց մինչ Թիֆլիսում էր, անսպասելի  մահանում է 1801 թվականին:

Նշանակը

Հովսեփ արք.-ի նշանակի մի օրինակ մենք հանդիպում ենք հնդկահայերին ուղղված իր «սիրոյ, ողջունի և օրհնութեան» թղթի մեջ, գրված 1793 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգից:  Նշանակը կազմված է և իշխանական, և եկեղեցական տարրերից: Սակայն պարզելու համար նշանակի սիմվոլիկայի աղբյուրը, պետք է նախ և առաջ ուսումնասիրենք Հովսեփ արքեպիսկոպոսի տոհմաբանությունը:
 Արղության-Երկայնաբազուկ տոհմը սերում է Զաքարյան տոհմից, որոնք 1200-36 թթ. Հայաստանում ստեղծեցին Զաքարյան իշխանապետությունը, և տոհիմ ներկայացուցիչները, որպես ինքնակալ թագավոր, Վրաստանի հետ կնքում են ունիա` միության դաշինք, ու բարձր պաշտոններ զբաղեցնում վրաց արքունիքում: Վրաց արքունիքում նրանց անվանում էին «Մխարգրձելի», որ թարգմանվում է «Երկայնաբազուկ»: Նույն նշանակության «Արղութ» բառով (չաղաթայերենից բառացի` լայնաթիկունք, որը երկայնաբազուկ բառի հոմանիշն է) 14-րդ դարի կեսերից նրանց սկսեցին անվանել նաև թաթարական ցեղերը: 15-րդ դարից արդեր Զաքարյան տոհմի ներկայացուցիչները հանդես են գալիս որպես Արղության-Երկայնաբազուկներ: Այսպիսով, պարզում ենք, որ Հովսեփ Արղությանը ծագում է Զաքարյան տոհմից:
Զաքարյան տոհմի խորհրդանշանների մասին մենք տեղեկություն ենք ստանում վրաց Իրակլի II թագավորի հրամանից, որով  վրաց արքունիքի կողմից հաստատվում է Արղության տոհմի զինանշանը.
«Աստծո ողորմությամբ Մենք` Իրակլի Երկրորդ, թագավոր Քարթլիի, թագավոր Կախեթիի ... և այլն...
Քանի որ տոհմի ծագումը հաստատվում է հին և հայտնի նախնիներով, այդ պատճառով  անհարմար չէ  Մեզ տալ այս վկայականը Արղության տոհմին, անվանյալ Երկայնաբազուկ,
քանզի նրանք  ծագում են Հայաստանում և Իվերիայում մեծ և հայտնի տոհմից, ինչպես վակայում են մեր պատմագիրները, հատկապես թագուհի Թամարի ժամանակների, որոնք հայտնում են գեներալ-ֆելդմարշալ Զաքարե և Իվանե Աթաբեկների մասին, որովհետև նրանք մեծ ծառայություն են մատուցել Բագրատիոն տոհմին (Վրաց Բագրատունի)...որի համար և տալիս ենք նրանց նշանակ (բնագրում` знакъ отличiя), որովհետև պատվված են նրանք ոչ միայն հին ձեռագրերում և քարե  շինությունների պատերին արված արձանագրություններով...այլև իրենք ընտանեկան զինանշանով, որի վրա, որպես նրանց սպարապետության խորհրդանիշ, արծաթե դաշտում պատկերված է վահան, խաչ և Սուրբ Աստվածածինը` ձախ ձեռքին Մանուկ Հիսուսին, ներքևի աջ կողմում պատկերված է թուր պահող թև, որպես խորհրդանիշ արի ազգանվան: Ձախ կողմում վահան է, որի մոտ կանգնած (իմա` ուղղահայաց) նիզակ է: Այս բոլոր նշանները վերևում պսակված է թագով: .....Իրակլի Երկրորդ, 1783 թ, օգոստոսի 28-րդ օր»
Սա տրված է տոհմին որպես ընտանեկան զինանշան, սակայն եկեղեցական նշանակի պարագայում արդեն զինանշանը պետք է լրացվեր որոշ եկեղեցական տարրերով, ինչպիսիք մենք հանդիպում ենք այս պարագայում: Վահանը պսակված է խույրով, որը եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշն է: Դրա ներքևում արտախուրակ է, որը պահում են վահանի ետևից դուրս եկող և x-տառի ձևով դասավորված վարդապետական գավազանը և խաչափայտը: Վահանի ձախ կողմում կոնքեռ է, աջում` արծիվ, որը պահում է 2 բանալի: Արծիվը Հայ եկեղեցու և կաթողիկոսի նշանն է, բանալիները լայնօրեն կիրառվում են եկեղեցական հերալդիկայում: Վահանի ներքևում պանակե է և խաչ:

Հայ եկեղեցական հերալդիկայի այս կարևոր նմուշը կարող է նախատիպ և օրինակ դառնալ հայ եկեղեցու հոգևորականների անձնական նշանակների համար:


Комментариев нет:

Отправить комментарий