2.14.2015

Հերոլդ— Միջնադարից մինչև մեր օրեր

Բավարիայի հերոլդ Յորգ Ռուգենը
  Բավարիայի դքսության 
զինանշանը կրող 
զգեստով. 1510 թ.
Հերալդիկայի առաջացման և զարգացման հետ առաջ եկավ այն համակարգելու անհրաժեշտություն, ու հետևաբար այդ պահանջը պիտի առաջ բերեր այդ ոլորտը կարգավորող պաշտոնյայի պահանջ, որը դարձավ հերոլդը:
Հերոլդ անվանումն առաջացել է լատիներեն heraldus բառից, որ թարգմանվում է հայտարարող, մունետիկ, պատգամաբեր:
Սկզբնական շրջանում հերոլդների հիմնական գործառույթը կայանում էր ասպետական մրցարշավեր կազմակերպելու, դատելու,  որպես դեսպան կամ բանագնաց այլ պետություններում իր թագավորին ներկայացնելու մեջ: Հերոլդները նաև սկսեցին կարգավորել գերբերի մասին գիտությունը, որը և հետագայում առաջ բերեց հերալդիկան:
Ըստ աստիճանակարգի հերալդիկայի հետ կապված գործառույթները իրականացվում են հերոլդի  օգնականի (poursuivants d'armes),  հերոլդի և հերոլդմեյստերի (հերոլդ-վարպետ)  միջոցով:
Հերալդիկայի ֆրանսերեն «blason»  անվանումը ծագում է գերմաներեն «blasen»` փող հնչեցնել բառից: Հետագայում դրանից է առաջացել նաև ֆր. «blasonner», կամ անգլերեն  «blazon» բառը, որ նշանակում է զինանշանը ներկայացնել հերալդիկ լեզվով, բլազոնացնել: Հերալդիկ լեզուն հերոլդների կողմից ստեղծված հատուկ լեզվային համակարգ է, որով նկարագրվում  են զինանշանները: Դա հինֆրանսերենը և միջին լատիներենն են:

2.12.2015

Հերալդիկան և ճարտարապետությունը— Ֆլորենցիա (II)

Նախորդ հոդվածում մենք անդրադարձանք Պալացցո Վեկկոյին, սակայն Ֆլորենցիայում մեզ համար հետաքրքրություն ներկայացնող շինությունները դրանով չեն ավարտվում:
Բայց Պալացցո Վեկկոյի և այս շինության միջև, որի մասին պիտի գրենք, կա մի էական տարբերություն. եթե առաջին շինության չակատի զինանշանները նկարված էին, ապա այստեղ դրանք քանդակված են:

Բարջելլո

Բարջելլո. ներքին բակը
Լուս. հեղինակ` Janos Gabor Varga
Բարջելլոն  (իտալ. Bargello) Ֆլորենցիայի հնագույն հասարակական շինությունն է, որը հասել է մեր օրեր: Այն կառուցվել է 1255 թվականին և ծառայել որպես քաղաքային խորհրդի, ժողովրդական կապիտանի (միջնադարում կատարում էր ոստիկանապետի ֆունկցիա), քաղաքի մագսիտրոսության նստավայր: Այստեղ է անցկացվել «Հարյուրի խորհուրդը», որին մասնակցել է նաև Դանթեն:
Հետագայում շենքը օգտագործվել է որպես բանտ և ոստիկանության նստավայր: Մահապատժի դատապարտված անձանց կախաղան էին բարձրացնում հենց շինության ներքին բակում: Դա շարունակվեց մինչև 1768 թ.-ը, երբ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Լեոպոլդ II-ը հայտարարեց մահապատժի լրիվ արգելք:
Սկզբնապես շենքը ուներ 2 հարկ, սակայն 1323 թվականի հրդեհից հետո ավելացվեց ևս մեկ հարկ:  XIX դարի երկրորդ կեսից շենքը օգտագործվում է որպես Ազգային թանգարան:

Շինության ներքին բակի պատերին քանդակված են քաղաքի շրջանների, պոդեստաների (քաղաքի գլխավոր կառավարիչ, իտ.` Podestà), դատավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների զինանշանները:  Կառուցվածքից կարելի է նկատել, որ որոշ զինանշաններ ուղղակի քանդակված են պատի վրա, մի մասը քանդակվել են առանձին ուղղանկյունաձև սալիկների վրա և ապա տեղադրվել պատից հանված քարերի տեղում, իսկ մի մասն էլ երկաթյա հարմարանքների օգնությամբ ամրացվել են պատերին: Քանդակների մեջ կան և նշաններ, և զինանշաններ: Դրանց մեծ մասը պատկերված են սաղավարտով, դրա վրա գցված գործվածքով, սաղավարտի վրայի սիմվոլով: Որոշ վահաններ ունեն վահանապահ ֆիգուրներ:
Մի քանի քանդակներ ներկված են մասնակի կամ ամբողջությամբ համապատասխան գույներով: Քանդակները միանման քար-սալիկները վրա չեն արված, այլ տարբեր, որը նույնպես բակին յուրօրինակ տեսք է տալիս:

Շինության ներքին բակի պատերի զինանշաններից մի հատված
Լուս. հեղինակ Richard Mortel

2.04.2015

Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի նշանակը

Հովսեփ արք. Արղության
                               «Արթուն հովիւ ազանց Հայկայ...»

Դարերի ընթացքում հերալդիկ արվեստը տարածվել է ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր շրջանակներում: Բարձրաստիճան հոգևորականները նույնպես սկսեցին ունենալ իրենց անձնական նշանակները: Նշանակի մեջ կարող էին տեղ գտնել ինչպես հոգևորականի տոհմական  (եթե ազնվական էր), այնպես էլ այն վայրի սիմվոլիկան, որի առաջնորդությունը ստանձնել էր:
 Հայ իրականության մեջ եկեղեցական հերալդիկայի նմուշները սակավաթիվ են, ու դրանցից մեկն է ռուսահայոց առաջնորդ, արքեպիսկոպոս Հովսեփ Արղության-Երկայնաբազուկի զինանշանը:

Համառոտ տեղեկություն


Հովսեփ Արղությանը ծնվել է 1743 թ. մայիսի 23-ին Սանահին գյուղում: Սովորելով Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում և ապա արագ առաջանալով հոգևոր ասպարեզում, 1769 թ. ձեռնադրվում է եպիսկոպոս: 1773 թ. Հովսեփ արքեպիսկոպոսը նշանակվում է ռուսահայոց թեմի առաջնորդ, իսկ 1780 թ. ` նաև ղրիմահայոց հոգևոր առաջնորդ: