2.12.2015

Հերալդիկան և ճարտարապետությունը— Ֆլորենցիա (II)

Նախորդ հոդվածում մենք անդրադարձանք Պալացցո Վեկկոյին, սակայն Ֆլորենցիայում մեզ համար հետաքրքրություն ներկայացնող շինությունները դրանով չեն ավարտվում:
Բայց Պալացցո Վեկկոյի և այս շինության միջև, որի մասին պիտի գրենք, կա մի էական տարբերություն. եթե առաջին շինության չակատի զինանշանները նկարված էին, ապա այստեղ դրանք քանդակված են:

Բարջելլո

Բարջելլո. ներքին բակը
Լուս. հեղինակ` Janos Gabor Varga
Բարջելլոն  (իտալ. Bargello) Ֆլորենցիայի հնագույն հասարակական շինությունն է, որը հասել է մեր օրեր: Այն կառուցվել է 1255 թվականին և ծառայել որպես քաղաքային խորհրդի, ժողովրդական կապիտանի (միջնադարում կատարում էր ոստիկանապետի ֆունկցիա), քաղաքի մագսիտրոսության նստավայր: Այստեղ է անցկացվել «Հարյուրի խորհուրդը», որին մասնակցել է նաև Դանթեն:
Հետագայում շենքը օգտագործվել է որպես բանտ և ոստիկանության նստավայր: Մահապատժի դատապարտված անձանց կախաղան էին բարձրացնում հենց շինության ներքին բակում: Դա շարունակվեց մինչև 1768 թ.-ը, երբ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Լեոպոլդ II-ը հայտարարեց մահապատժի լրիվ արգելք:
Սկզբնապես շենքը ուներ 2 հարկ, սակայն 1323 թվականի հրդեհից հետո ավելացվեց ևս մեկ հարկ:  XIX դարի երկրորդ կեսից շենքը օգտագործվում է որպես Ազգային թանգարան:

Շինության ներքին բակի պատերին քանդակված են քաղաքի շրջանների, պոդեստաների (քաղաքի գլխավոր կառավարիչ, իտ.` Podestà), դատավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների զինանշանները:  Կառուցվածքից կարելի է նկատել, որ որոշ զինանշաններ ուղղակի քանդակված են պատի վրա, մի մասը քանդակվել են առանձին ուղղանկյունաձև սալիկների վրա և ապա տեղադրվել պատից հանված քարերի տեղում, իսկ մի մասն էլ երկաթյա հարմարանքների օգնությամբ ամրացվել են պատերին: Քանդակների մեջ կան և նշաններ, և զինանշաններ: Դրանց մեծ մասը պատկերված են սաղավարտով, դրա վրա գցված գործվածքով, սաղավարտի վրայի սիմվոլով: Որոշ վահաններ ունեն վահանապահ ֆիգուրներ:
Մի քանի քանդակներ ներկված են մասնակի կամ ամբողջությամբ համապատասխան գույներով: Քանդակները միանման քար-սալիկները վրա չեն արված, այլ տարբեր, որը նույնպես բակին յուրօրինակ տեսք է տալիս:

Շինության ներքին բակի պատերի զինանշաններից մի հատված
Լուս. հեղինակ Richard Mortel

Комментариев нет:

Отправить комментарий