3.06.2015

Հերալդիկան և ճարտարապետությունը— Ֆլորենցիա (I)


Դղյակի մուտքի առյուծը`
Ֆլորենցիայի զինանշանով
Լուս. հեղինակ Achilyse

Հերալդիկ մշակույթը, իր զարգացման ընթացքում տարածվեց կյանքի ու կենցաղի տարբեր ոլորտներում, որոնցից մեկն էլ ճարտարապետությունն էր: Եվրոպական բազմաթիվ քաղաքներում, որոնք ծաղկում ապրեցին ուշ միջնադարում, հայտնվեցին նոր շինություններ, որոնց արտաքին ու ներքին հարդարանքի հիմնական տարրերից էին զինանշանները:
Մենք կփորձենք առանձին անդրադառնալ վերոնշյալ առումով  հայտնի քաղաքներին առանձին հոդվածներով:

Ֆլորենցիա


Ֆլորենցիա քաղաքում այսօր էլ հանդիպում ենք շատ շինությունների, որոնց պատերի վրա կան տարբեր զինանշաններ: Անկասկած եվրոպական շատ քաղաքներում են եղել այդպիսի «նշանակիր» կառույցներ, սակայն մինչև մեր օրեր դրանց որոշ մասը չեն հասել հիմնականում պատերազմների ու ավերումների հետևանքով: Իսկ Ֆլորենցիան միջնադարում ու դրանից հետո էլ  ապրեց ծաղկման խաղաղ ժամանակաշրջան, ու հենց դրան են պարտական քաղաքի մոնումենտալ հերալդիկայի մեզ հասած նմուշները:

Այդ առումով մեծ արժեք ունի Պալացցո Վեկկոն (իտալ.` Palazzo Vecchio )` Հին Դղյակը, որը կառուցվել է 1299 թվականին որպես կառավարական շենք: Զինանշանները տեղակայված են շինության ատամնավոր վերջավորության հիմքում(Այս հոդվածում մենք կանդրադառնանք միայն արտաքին ձևավորման հերալդիկ տարրերին, սակայն ներքին ձևավորումը նույնպես հարուստ է դրանցով):
Պալացցո Վեկկո. արտաքին հերալդիկ ձևավորումը
Լուս. հեղինակ` Hetx
Վահանների շարքը սկսվում է Ֆլորենցիայի ժողովուրդի կառավարության  (արծաթե վահանին կարմիր խաչ) և  Ֆլորենցիայի (Արծաթե վահանին կարմիր հերալդիկ հիրիկ) զինանշաններով: Շարքը շարունակվում է քաղաքի պատմության հետ կապ ունեցող այլ վահաններով, օրինակ Ֆեզոլե քաղաքի հետ կնքած դաշինքի պատվին կազմված զինանշանով, Ֆլորենցիայիառաջին զինանշանով(Գիբելինների կառավարման ժամանակ), Ռոբերտ Նեապոլցու զինանշանով, որը օգնեց պաշտպանել քաղաքը և այլն:
Շինության վրա կան նաև Հռոմի Պապի և ֆլորենցիական գվելֆների զինանշանները: Այս վերջինը իրենից ներկայացնում է արծաթե վահան, որի վրա կանաչ վիշապ ճանկած, լեզուն դուրս հանած կարմիր արծիվ է, որի կտոցին ոսկե հերալդիկ հիրիկ է: Այն տրվել է Պապ Կղեմես IV-ի  կողմից:
Վահանների շարքից մի հատված. Լուս. հեղինակ` jere7my
Վահանների շարքում հանդիպում ենք նաև մի կապույտ վահանի, որի վրա ոսկե տառերով գրված է «LIBERTAS», որպես Ֆլորենցիայի քաղաքացիների՝ իրենց իսկ քաղաքը ղեկավարելու ազատության խորհրդանիշ:



Комментариев нет:

Отправить комментарий