1.27.2015

Նիշագիտություն-Հերալդիկա

Անժուի դուքս Ջոֆրի V-ի
 դամբարանի պատկերը
Նիշագիտություն-Հերալդիկա բլոգը Սուրբ Տրդատ Մեծ արքայի ասպետական միաբանության նախագիծն է, որի նպատակն է ծանոթացնել մարդկանց հերալդիկային, դրա կանոններին ու ավանդույթներին:

   Ի՞նչ է հերալդիկան և ինչու է այն պետք

 Հերալդիկա բառը, որ մենք հայերեն թարգմանեցինք «Նիշագիտություն» (Գիտություն նշանների, նշանակների մասին) առաջացել է լատիներեն heraldus բառից, որ հայերեն մունետիկն է կամ պատգամաբերը:
Հերալդիկան կամ նիշագիտությունը պատմական հատուկ կարգ է, որով կազմվում,  բացատրվում են (Բլազոնացվում, ֆր` Blason ` գերբ բառից )  նշանակները կամ զինանշանները: Խորհրդանշաններ գոյություն են ունեցել դեռ վաղուց, սակայն դրանց համակարգումը ու հերալդիկայի առաջացումը կապվում է առաջին Խաչակրաց արշավանքների հետ ու մոտավոր թվագրվում XI-XII դարերով: Սկզբնական շրջանում հատուկ նշանների օգտագործումը հանգամանքների թելադրանք էր, քանի որ ասպետները ու
զինվորները, որոնք ոտքից գլուխ զրահավորված էին ու կրում էին դեմքը փակող սաղավարտ,  միմյանց ճանաչելու և կռվի դաշտում նկատելի լինելու  այլ տարբերակ չունեին, բացի վահանի վրայի նշանից: Բայց հետագայում այդ նշանների համակարգը դարձավ ոչ միայն միմյանց տարբերելու միջոց, այլ մի ամբողջ մշակույթ: