1.27.2015

Նիշագիտություն-Հերալդիկա

Անժուի դուքս Ջոֆրի V-ի
 դամբարանի պատկերը
Նիշագիտություն-Հերալդիկա բլոգը Սուրբ Տրդատ Մեծ արքայի ասպետական միաբանության նախագիծն է, որի նպատակն է ծանոթացնել մարդկանց հերալդիկային, դրա կանոններին ու ավանդույթներին:

   Ի՞նչ է հերալդիկան և ինչու է այն պետք

 Հերալդիկա բառը, որ մենք հայերեն թարգմանեցինք «Նիշագիտություն» (Գիտություն նշանների, նշանակների մասին) առաջացել է լատիներեն heraldus բառից, որ հայերեն մունետիկն է կամ պատգամաբերը:
Հերալդիկան կամ նիշագիտությունը պատմական հատուկ կարգ է, որով կազմվում,  բացատրվում են (Բլազոնացվում, ֆր` Blason ` գերբ բառից )  նշանակները կամ զինանշանները: Խորհրդանշաններ գոյություն են ունեցել դեռ վաղուց, սակայն դրանց համակարգումը ու հերալդիկայի առաջացումը կապվում է առաջին Խաչակրաց արշավանքների հետ ու մոտավոր թվագրվում XI-XII դարերով: Սկզբնական շրջանում հատուկ նշանների օգտագործումը հանգամանքների թելադրանք էր, քանի որ ասպետները ու
զինվորները, որոնք ոտքից գլուխ զրահավորված էին ու կրում էին դեմքը փակող սաղավարտ,  միմյանց ճանաչելու և կռվի դաշտում նկատելի լինելու  այլ տարբերակ չունեին, բացի վահանի վրայի նշանից: Բայց հետագայում այդ նշանների համակարգը դարձավ ոչ միայն միմյանց տարբերելու միջոց, այլ մի ամբողջ մշակույթ:
 Սկզբնական զինանշանները բավական պարզ էին ու տարբերակելու առումով դժվարություն չէին ներկայացնում, որովհետև դրանք միայն ասպետներին տարբերակելու համար էին: 
Հերալդիկ մշակույթի բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում  առաջ է բերել մի խոր անդունդ, որը այսօր լրացվում է ամեն ինչով, բացի իրական հերալդիկայից: Պետական խորհրդանիշերի անփույթ, քաղաքային  հերալդիկայի խայտառակ վիճակը մեզ մտածելու ու անհանգստանալու տեղիք պիտի տան: Զինանշանը պետության դեմքն է, և այն իրավունք չունի լինել անփույթ, ինչպիսին կա հիմա:

Հերալդիկ «Հիշատակարաններ»

Զինանշանները մեզ են հասել մեծամասամբ ձեռագրերի միջոցով, որոնք տարբեր լեզուներում կոչվում են гербовник (ռուս.), Armorial (ֆր.), Roll of arms (անգլ.) և այլն ու որ մենք թարգմանեցինք Նշանակների մատյան կամ Նիշամատյան: Դրանք ի հայտ եկան XIII դարի երկրորդ կեսից սկսած, ու իրենց մեջ պարունակում էին զինանշանի պատկերը, տիրոջ անունը, և/կամ բացատրությունը «հերալդիկ լեզվով»:  Դա մոտավորապես համընկնում է Անգլիայի թագավոր Էդուարդ I-ի (1272-1307) գահակալության տարիներին: Այդ ժամանակներից մեզ են հասել գերբերի մոտ 18 մատյան: XIII-XIV դդ.-ում ստեղծավ գերբերի որոշ մատյաններ պարունակում են միայն վահանի նկարը և այն կրողի անունը,  որոշ մատյաններ` միայն նշանակի նկարագրությունը, փոքր քանակությամբ էլ` այդ երկուսը միասին: Երբ առաջ եկավ տպագրությունը, նիշամատյանները սկսեցին ստեղծել նաև տպագիր տարբերակներով:

Հերալդիկայի խնդիրները Հայաստանում

Հայաստանում Հերալդիկայի առաջին ու գլխավոր խնդիրն այն է, որ գրեթե բացակայում է պատկերացումը այս գիտության մասին, թե ինչ է դա ու ինչի համար է: Հանրության մեջ շփոթություն կա, որ Հերալդիկան միայն նկարչություն է, ինչը միանգամայն սխալ ու թերի մոտեցում է:
  Երկրորդ խնդիրը մենք համարում ենք   հերալդիկայի ավանդույթների բացակայությունը մեզ մոտ: Դրանով է պայմանավորված առաջին հերթին հերալդիկ լեզվի կիրառության դժվարությունները հայերենի պարագայում, որովհետև կան տերմիններ, որոնք թարգմանության ու հայերեն համարժեքների ստեղծման կարիք ունեն: Հետագայում մենք կփորձենք կազմել բառարան, որտեղ կլինեն տերմինները և դրանց բացատրությունը:
Հաջորդ խնդիրը հայերեն լեզվով գրականության բացն է:
Գերխնդիրը ներկա հանգամանքներում հայկական հերալդիկ ավանդույթների ձևավորումը և եղած պատառիկների վրա նորի ստեղծումն է, որը պիտի լինի ընդունված միջազգային կարգի համաձայն, բայց և ունենա այնպիսի առանձնահատկություններ, որոնք բնորոշ կլինեն միայն Հայկական հերալդիկային:

Комментариев нет:

Отправить комментарий