8.19.2015

Հերալդիկ լեզուն և հայերենը | Խնդիրները

Այսպիսի մի ժամանակաշրջանում, երբ հայոց մեջ մեծացել է հերալդիկայի հանդեպ հետաքրքրությունը, ու աստիճանաբար զինանշանները, թեկուզ  դեռևս նեղ շրջանակներում, սկսվում են տարածում գտնել, առավել քան արդիական է հերալդիկ լեզվի և հայերենի համադրման խնդիրը:
Վիլհելմ Նվաճող
Նորմանդիայի դուքս և Անգլիայի թագավոր

Հերալդիկ լեզու ասելով պետք չէ հասկանալ որևէ կոնկրետ լեզու, ինչպիսին մենք պատկերացնում ենք ֆրանսերեն, հայերեն կամ ռուսերեն ասելով. հերալդիկ լեզուն դա տերմինների ու լեզվական ոճի համախումբ է, որով նկարագրվում, այլ կերպ ասած` բլազոնացվում են (ֆր` Blason ` գերբ բառից[1] ) զինաշանները:
Բլազոնացման էությունը նախ և առաջ զինանշանի մասին ամբողջական, բայց միևնույն ժամանակ առավելագույն չափով հակիրճ տեղեկություն տալն է, սակայն պայմանով, որ նկարագրության ամբողջականությունը չպիտի տուժի հակիրճության հաշվին:
  Հերալդիկ լեզուն ձևավորվել է արևմտյան Եվրոպայում` անգլո-ֆրանսիական շրջանակներում, և ապա հետզհետե տարածվել նաև այլ մշակույթներում` ամեն տեղում իր մեջ ընդունելով տվյալ մշակույթի ու լեզվի առանձնահատկությունները ու հարմարվելով դրանց:
Սկսած XI դարից` Վիլհելմ Նվաճողի ժամանակներից, երբ այս նորմանդացի դուքսը գրավեց Անգլիան, անգլիական ազնվականության հիմնական լեզուն այդ և հետագա մի քանի դարերի ընթացքում  դարձավ ֆրանսերենը: Հենց այս լեզվով են մեզ հասել  ֆրանսիական և անգլիական առաջին նիշամատյանները ( ֆր.` armorial, անգլ.` rolls of arms կամ armorial):
Տարօրինակ չէ, որ հենց ֆրանսերեն լեզվի օգնությամբ է տրվում վահանի հակիրճ և ամբողջական հերալդիկ բացատրությունը կամ բլազոնը, իսկ ֆրանսերեն լեզվի նրբագեղությունն այն ականջին առավել հաճելի է դարձնում: Սակայն մի կողմ թողնելով զգայական այս կողմը, փորձենք քննել «հերալդիկ լեզվի և հայերենի» խնդիրները :  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն սկզբնական պատկերազարդ մատյանների հետ սկսեցին օգտագործվել նաև մատյաններ, որոնք պարունակում էին միայն վահանի բացատրությունը առանց դրա պատկերի, կարելի է կարծիք կազմել, որ հերալդիկայում զինանշանի ներկայացման մեջ որոշ առումով առավել կարևոր է բացատրությունը, ապա նոր պատկերումը [2]: Այս պատճառով  առաջնահերթ է ջրի երես հանել լեզվի հետ կապված հարցերը:

Տերմինների խնդիրն ընդհանրապես

Պետք չէ կարծել, որ հերալդիկ տերմինաբանության հետ կապված խնդիրներ ի հայտ են գալիս քիչ լեզուների կամ միայն հայերենի հետ. այս խնդիրն առկա է ամենուր և միայն հերալդիկ մշակույթի ուշացած ներմուծումն է մեր կենցաղ այս խնդիրը առավել ցայտուն ու օրհասական դարձնում, քանզի հերալդիկ լեզուն պահանջում է տարիներ ու նույնիսկ տասնամյակներ` ինտեգրվելու տվյալ լեզվին և յուրացվելու դրա կողմից: Այլ կերպ ասած, տարիների փորձառություն է պետք գտնելու որևէ լեզվի ու հերալդիկ տերմինաբանության սինթեզի ոսկե միջինը, ինչը անշուշտ կախված է նաև տվյալ լեզվի առանձնահատկությունների հետ:
  Օրինակ` ռուսական ավանդության մեջ զինանշանների` հերալդիկ լեզվով բացատրություն կազմելու ավանդույթը արմատավորվել է միայն 1672 թվականից հետո, երբ դա օգտագործվեց ռուսական «Ցարական տիտղոսագիրքում» ազնվական տոհմերերի զինանշանները ներկայացնելու համար: Չնայած դրան, այսքան դարերի ընթացքում ռուսական հերալդիկ լեզուն չհասավ այն մակարդակի, ինչպիսին ուներ հերալդիկայի մայր-լեզուն` ֆրանսերենը: Զինանշանի ամբողջական բացատրությունը ռուսերենով տալու համար պահանջվում են ավելի շատ բառեր, քան ֆրանսերենով, ու ինչքան բարդանում է զինանշանը, այնքան բառային տարբերությունն ավելի է մեծանում:
  Այս խնդիրը չկա օրինակ գերմաներեն լեզվով բլազոնացման մեջ, որը, մեր համեստ կարծիքով, կապված է գերմաներեն, ֆրանսերեն ու անգլերեն լեզուների  կապի ու դարերով միասին անցած պատմության, ինչպես նաև այդ լեզուները կրող ազգերի սերտ փոխհարաբերությունների հետ: Ու վստահաբար ֆրանսերենը, անգլերենը ու գերմաներենը կարելի է դասել հերալդիկ լեզվի հետ պատմությամբ ու ժամանակով հղկված լեզուներ:

Տերմինների խնդիրը հայերենում

Ցավոք, մեր ունեցած նույնիսկ քիչ պրակտիակյի ընթացքում մենք նկատել ենք, որ հայերեն լեզվում, հնարավոր է, որ նույնպես առաջանա վերոնշյալ խնդիրը, այնինչ պետք է խուսափել դատարկաբանություններից:  Սակայն տվյալ դեպքում, չկենտրոնանալով բացատրության ծավալի վրա, քանզի դա առաջնային խնդիր չէ բլազոնացման մեջ, ու հնարավոր է, որ կարգավորվի հետագա գործնական կիրառության ընթացքում, հարկավոր է մեր ուշադրությունը սևեռել տերմինների համապատասխանության վրա: 
Ասպետ` ամբողջական հանդերձանքով

Յուրաքանչյուր զինանշանի բաղկացուցիչ մասն է վահանը, որը իսկզբանե ասպետների իրական «նշանակիր» վահանի պատկերագրական տարբերակն է: Հետագայում զինանշանի մաս են դարձել ասպետական սաղավարտը ու ասպետների հանդերձանքի այլ տարրեր:
Այդպիսի տարրերից է այն գործվածքը, որը ասպետները գցում էին մետաղե սաղավարտի վրա, որպեսզի այն շատ չտաքանար արևի տակ (Լուսանկարում` սաղավարտի վրա գցված դեղին, եզերում սև կտորը): Այդ գործվածքը ֆրանսերենում կոչվում է  les lambrequins     (լամբրեկեն), ռուսերենում` Намёт, անգլերենում` Mantling: Նորայր Բիւզանդացու բառարանում lambrequins-ի բացատրությունն է` «Զարդք սաղաւարտի ի վերայ վահանի», իսկ Եղիա Տէմիրճիպաշեանի «Ֆրանսերեն-հայերեն» բառարանում  բառի թարգմանությունն է «լեզվազարդ»: Առաջին բառարանում շատ ճիշտ տրված է բացատրությունը ու գործածությունը, սակայն երկրորդում տրված է ավելի ընդհանուր թարգմանություն, ինչը տվյալ դեպքում չի կարող միանշանակ ընդունվել որպես հերալդիկ սիմվոլի համարժեք: Եթե առաջին դեպքում մեր բախտը բերեց գոնե ճիշտ բացատրության առումով, ապա օրինակ հաջորդ հերալդիկ զարդի դեպքում մենք հանդիպում ենք դժվարության. այն հերալդիկ ատրիբուտը, որը սաղավարտի վրա «պահում է» վերոնշյալ կտորը, ֆր.-ում կոչվում է Timbre, անգլերենում` Torse , ռուսերենում` Бурле́т կամ буреле́т: Չնայած ոչ մի բառարանում մենք չգտանք այս բառի ու տերմինի իրավացի հերալդիկ բացատրությունը (Միայն անգլերեն wreath բառի պսակ բացատրությունն էր քիչ թե շատ մոտ դրա գործածությանը), սակայն ելնելով այս ատրիբուտի կատարած ֆունկցիայից, ամբողջովին տրամաբանական ենք համարում դրան տալ ապարոշ անվանումը, որի բացատրությունն է «տղամարդկանց և կանանց գլխի փաթոյթ` իբրև զարդ, արտախուրակ»:
   Չցանկանալով շատ  ծավալվել այս թեմայով, փորձեցինք այս 2 օրինակով և բացատրական մասով որոշ չափով ցույց տալ խնդրի էությունը: Հետագայում կփորձենք առանձին նյութով ներկայացնել որոշ տերմինների հայերեն համարժեքների մեր տարբերակները: 



Комментариев нет:

Отправить комментарий